Դառնանք մինիստր Ալեքսանդր Շոկինին: Իր անձնական կարիերան նա սկսեց զրոյից ու մեծ ավանդ ունեցավ ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության զարգացման ու կայացման գործում, ստեղծեց զարգացած արդյունաբերության մի կարևոր ոլորտ, որտեղ աշխատում էին 2,5 միլիոնից ավելի բարձրակարգ բանվորներ, ինժեներներ ու գիտնականներ: Կազմակերպեց գիտահետազոտական և ուսումնական ինստիտուտների, արտադրությունների ու փորձակայանների լայն ցանց: Նրա մասնագիտական աստիճանը այնքան բարձր էր, որ տնօրենների համար նրա մոտ խոսելը, սեփական կարծիքն արտահայտելը իսկական փորձություն էր դառնում: Նրա համակարգում գործից անտեղյակ ու պատահական մարդիկ չկային, մյուս կողմից՝ նա շատ ուշադիր ու հոգատար էր նվիրյալ գիտնականների, ինժեներ-գյուտարարների ու բարձրակարգ բանվորների նկատմամբ:
1972 թ. փակ ցուցահանդեսներից մեկի ժամանակ նա անթաքույց հպարտությամբ Լ.Ի. Բրեժնևին ներկայացրեց մեր հեղինակած աշխարհում առաջին «Ֆոտոսկանը» (այդ ցուցահանդեսին «Ֆոտոսկանի» գյուտի ներկայացումը ինձ էր հանձնարարված):
Շոկինի նախաձեռնությունների մեծ մասը, սակայն, կյանք չէր մտնում՝ տարբեր պատճառներով: Մի կոնկրետ օրինակի վրա տեսնենք ու հասկանանք, թե, դիցուք, ինչ ստացվեց, երբ տիեզերական ապարատների համար Զելենոգրադի «Կոմպոնենտ» ԳԱՄ-ում մշակված էլեկտրոնային սարքերը սկսեցին արտադրել Մինսկում, Աբովյանում և այլ քաղաքներում:
Աբովյանն իր նշանակությամբ ԽՍՀՄ Էլեկտրոնային արդյունաբերության երկրորդ մասնագիտացված քաղաքն էր Զելենոգրադից հետո: Այս քաղաքում, իրար հարևանությամբ, աշխատում էին ԽՍՀՄ երկու խոշոր գործարան. ռեզիստորների գործարանը՝ ծածկանունը «Փոստարկղ համար 67» և կիսահաղորդչային սարքերի գործարանը՝ ծածկանունը «Փոստարկղ համար 25»: 1974 թվից սկսած 67-րդ գործարանը արտադրում էր տիեզերական սարքերի համար նախագծված և «Սալյուտ» ծածկանունը կրող հիբրիդ միկրոսխեմաներ, որոնց համար, որպես կոմպլեկտավորող բաղադրիչներ, օգտագործվում էին ԽՍՀՄ տարբեր գործարաններում արտադրվող կիսահաղորդչային սարքերը՝ դիոդները, տրանզիստորները, կոնդենսատորները և էլեկտրոնային այլ բաղադրիչներ: Աբովյանի արտադրության «Սալյուտները» ուղարկվում էին Կազանի ռազմական էլեկտրոնիկայի գործարան, մոնտաժվում էին ֆունկցիոնալ առումով ավելի խոշորացված բլոկներում, որոնք, իրենց հերթին, ուղարկվում էին հաջորդ գործարաններ՝ մինչև վերջնական արտադրանքի ձևավորումը:
Ռազմական Էլեկտրոնիկայի արտադրության այս սխեման ԽՍՀՄ-ում ներդրվել էր Բերիայի նախաձեռնությամբ և նույնությամբ շարունակում էր աշխատել մինչև վերջ, մինչ ԽՍՀՄ փլուզումը: Աշխատանքների կազմակերպման այս սխեմայի նպատակը մեկն էր. բարձր մակարդակի վրա պահել ու պահպանել գաղտնիության մթնոլորտը, դժվարություններ ստեղծել օտարերկրյա հետախուզության համար՝ թույլ չտալով, որ մեկ գործարանի շրջանակներում ստեղծվի ռազմական նշանակության որևիցե կարևոր արտադրանք: Պետական ու ռազմական գաղտնիության տեսակետից դա կարելի է արդարացված համարել, բայց այն իր հետ բերում էր տնտեսական ու տեխնիկական անանցանելի խնդիրներ, որոնք չէին կարող չառաջանալ արդեն բրեժնևյան բյուրոկրատիայի տարիներին, երբ ԽՍՀՄ գործարաններում տիրող արտադրատեխնոլոգիական կարգապահության անհամար խախտումները, գողությունը, կաշառակերությունը, կադրային սխալ քաղաքականությունը դարձել էին նորմա, և որոնց ազդեցությունը գնալով առավել վտանգավոր էր դառնում՝ ինտեգրալ էլեկտրոնիկայի զարգացմանը զուգահեռ: Այդ ազդեցությունը անդրադառնում էր, առաջին հերթին, ռազմական, զուգահեռաբար նաև քաղաքացիական էլեկտրոնիկայի որակի, հուսալիության ու ինքնարժեքի վրա:
80-ական թվերին էլեկտրոնիկայի զարգացումը հասել էր իր լճացման ու ճահճացման փուլին։ Այդ նույն ժամանակ Ճապոնիան, Ամերիկան, Գերմանիան, հետագայում նաև Հարավային Կորեան արագ տեմպերով զարգացնում էին իրենց էլեկտրոնային արդյունաբերությունը՝ մուտք գործելով կենցաղային տեխնիկայի այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք էին հեռուստացույցների, տեսաձայնագրիչ սարքերի, լվացքի մեքենաների, ֆոտոապարատների, կապի միջոցների արտադրությունները, կյանք էր մտել ու արագ տեմպերով զարգանում էր ավտոմոբիլային էլեկտրոնիկան: Մի խոսքով, ԽՍՀՄ-ից դուրս ամեն ինչ զարգանում էր ժամանակի պահանջներին համահունչ, իսկ ԽՍՀՄ-ում ամեն ինչ թարսվել էր, ահռելի կայսրության արդյունաբերությունն ու տնտեսությունը կամաց-կամաց նահանջ էին ապրում:
Հիմա դժվար է պատկերացնել, որ հարավկորեական «Սամսունգ» տիպի լվացքի ավտոմատացված մեքենաների դարում խորհրդային քաղաքացիները ստիպված էին բավարարվել մեծ դժվարությամբ, ծանոթությամբ ու «տակից» ճարված «Ռիգա» տիպի կիսաավտոմատ լվացքի մեքենաներով՝ իրենց ռոլիկային քամիչներով ու բակերում գործող պարանային չորացման զարգացած համակարգով:
Եթե ցանկանում ենք հասկանալ, թե ԽՍՀՄ-ում ինչու՞ էր այդպիսի անհաջող իրավիճակ ստեղծվել, պետք է տեսնել, թե ինչ էր կատարվում ռազմական արդյունաբերության գործարաններում: Այդ տեսակետից առավել ուսանելի է հատկապես այս օրինակը: 1978 թվականին Աբովյանի «Պոզիստոր» ԳԱՄ-ում արտադրվող «Սալյուտ» հիբրիդ սխեմաների շուրջ մի այնպիսի կատաստրոֆիկ իրավիճակ էր ստեղծվել, որ աղմուկը հասել էր մինչև Մոսկվա՝ Կրեմլ: Խորհրդային երկրի հույսն ու ապավենը համարվող, Ամերիկային դաժան լարվածության մեջ պահող միջմայրացամաքային բալիստիկ հրթիռների էլեկտրոնային համակարգերում խնդիրներ էին առաջացել, տեխնոլոգիական փորձարկումներին չէին դիմանում: էլեկտրոնային սարքերի խափանումների վերլուծությունից պարզ էր դարձել, որ անհաջողությունների պատճառ կարող էր դառնալ Աբովյանում արտադրված «Սալյուտ» տիպի հիբրիդ սխեմաների ցածր հուսալիությունը: Լուրն ստանալու պես «Պոզիստոր» ԳԱ միավորման գլխավոր տնօրեն Էդիկ Պետրոսյանը անմիջապես թռել էր Մոսկվա ու մինիստր Շոկինին համոզել, որ «Սալյուտի» խափանումների իրական պատճառը Մինսկի «Ինտեգրալում» արտադրված և Աբովյանի հիբրիդ սխեմաներում օգտագործված դիոդային մատրիցաների ցածր հուսալիությունն է: Շոկինը ի գիտություն էր ընդունել այդ վարկածը և հանձնարարել Պրոլեյկոյին, որ ստուգի ու իրեն զեկուցի, թե իրականում ում մեղքով է տեղի ունեցել Միությունով մեկ աղմուկ հանած համար մեկ «ճկ»-ն, պետք էր պարզել, թե ով է մեղավոր. Աբովյանի «Պոզիստոր» ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն Պետրոսյա՞նը, որ հիբրիդ սխեմաներ արտադրողն էր, թե՞ Մինսկի «Ինտեգրալի» գլխավոր տնօրեն Օլեյնիկը, որ Աբովյանում արտադրվող «Սալյուտի» համար դիոդային մատրիցաներ էր մատակարարում:
Էլեկտրոնային սխեմայի խափանումների պատճառների ուսումնասիրությունը տևեց շուրջ մեկ տարի և ավարտվեց Էդիկ Պետրոսյանի տպավորիչ հաղթանակով։ Պարզվեց, որ Մինսկի դիոդային մատրիցայի մոտ ժամանակային անկայունություն կա, ինչը կապված է կիսահաղորդչային բյուրեղի մակերևութային լիցքերի առաջացման ու վերացման հետ, իրարից մեկուսացված առանձին դիոդների շրջանում առաջացնում են ինվերսիոն հաղորդականություն ունեցող շերտեր, որոնց պատճառով կարճ միացումներ են առաջանում, ու Աբովյանի հիբրիդ սխեմաները դուրս են գալիս իրենց աշխատանքային ռեժիմներից, տվյալ պարագայում ռազմական էլեկտրոնիկայի խափանումը անխուսափելի է: Շոկինի հրամանի համաձայն համատեղ հետազոտություններ կատարելու նպատակով Աբովյան էր ժամանել «Ինտեգրալի» մասնագետների մի ստվար խումբ՝ «Պատվիրատուի» ներկայացուցիչ գնդապետ Բորսուկի գլխավորությամբ: Բորսուկի եղբոր, կապիտան Անատոլի Բորսուկի հետ ես աշխատել էի Տոմիլինոյի «ՏՕՌ» ԳԱՄ-ում, երկու եղբայրն էլ խիստ անաչառ ու գործին նվիրված զինվորականներ էին: Աբովյանի կողմից հետազոտություններին մասնակցում էին արտադրող ցեխի մասնագետները՝ «Պատվիրատուի» ներկայացուցիչ գնդապետ Ժուրավլյովի գլխավորությամբ: Բորսուկը և Ժուրավլյովը խիստ հսկողություն էին սահմանել հիբրիդ միկրոսխեմաների ցեխում, կազմակերպել էին Մինսկից ստացված դիոդային մատրիցաների պարամետրերի մանրակրկիտ չափումներ: 100-տոկոսանոց կամ, այսպես կոչված, համատարած մուտքային ստուգումներն իրականացնում էին միասին՝ Աբովյանի ու Մինսկի մասնագետների մասնակցությամբ: Մինչև Հայաստան հասնելը այդ մատրիցաները Մինսկում տեխնոլոգիական ու լրացուցիչ չափումներ էին անցնում, որպեսզի բացառվի խոտան սարքերի առաքումը Աբովյան: Բոլորի ուշադրությունը սևեռված էր կատարվող չափումների արդյունքների վրա. նոր ստացված խմբաքանակների մեջ կհայտնաբերվե՞ն արդյոք անորակ դիոդային մատրիցաներ, թե ոչ: Եթե ոչ, ապա դրանք պետք էր մոնտաժել «Սալյուտ» սխեմաների մեջ ու տեսնել, թե սրանց չափումներն ու փորձարկումներն ինչ արդյունքներ ցույց կտան, որտեղ ու ինչ պատճառներով են շարքից դուրս գալիս Աբովյանում արտադրվող հիբրիդ միկրոսխեմաները:
Ինձ համար շատ անսպասելի էր, որ Մինսկից եկած և կրկնակի չափումների պրոցեդուրաներով անցած դիոդային մատրիցաների նոր խմբաքանակների մեջ հայտնաբերվում էին 5-10 խոտան նմուշներ, տվյալ իրավիճակում, հաշվի առնելով նաև ռուսական-բելառուսական աշխատանքային կարգապահության բարձր մակարդակը, դա նոնսենս էր, անհասկանալի մի բան, որին հավատալ չէր լինի: Չափումների արդյունքներն անմիջապես զեկուցվում էին Շոկինին, ու Պետրոսյան-Օլեյնիկ պայքարը գնալով ավելի էր թեժանում: Պայքարի մեջ էին ներքաշվել նաև նախարար Շոկինը և փոխնախարար, «Ցիկլոն» ԳՀԻ-ի իմ նախկին տնօրեն Ալեքսանդր Չեռնիշովը: Այստեղ մի նրբություն կար. Չեռնիշովը, որ ՍՄԿԿ կենտկոմի շինարարական բաժնի վարիչի որդին էր, իր դոկտորական դիսերտացիան պաշտպանել էր Մինսկում, հայերին չէր սիրում, թերևս բացի ինձնից, և ցանկանում էր փոխարինել տարեց Շոկինին, դառնալ էլեկտրոնային արդյունաբերության երիտասարդ նախարար: Չեռնիշովի դոկտորական դիսերտացիան գրվում էր «Ցիկլոնում» և վերաբերում էր ռադիացիայի նկատմամբ բարձր կայունություն ունեցող էլեկտրոնային սարքերի նախագծմանը, փորձարկումներին ու արտադրությանը: Աշխատանքի հիմքում դրված էր էլեկտրական հաղորդիչ նյութի փոփոխության խնդիրը, ոսկու փոխարեն առաջարկվում էր օգտագործել ալյումին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ալյումինը ոսկուց թեթև է 7 անգամ, կարող է ավելի քիչ ռադիացիա կլանել, քիչ տաքանալ ու նվազեցնել կիսահաղորդչային սարքերի ջերմային բեռը՝ ատոմային ռումբի ազդեցության միջավայրում: Կրեմլը բարձր էր գնահատել Չեռնիշովի տեխնոլոգիական նորամուծությունը՝ հաշվի առնելով, որ ատոմային հնարավոր պատերազմների ժամանակ խորհրդային ռազմական տեխնիկան կաշխատի ավելի երկար ու հուսալի, Կրեմլի համար պակաս կարևոր չէր, որ կխնայվի տեխնոլոգիական մաքուր ոսկին: Այս խնդիրը մենք քննարկել ենք Գորյունովի հետ ու եզրակացրել. սա կլինի հերթական ավանտյուրան, որը մեծ հարված կհասցնի խորհրդային էլեկտրոնային արդյունաբերությանը՝ մի քանի պատճառներով.
ա) ալյումինե հաղորդալարերը, որոնցով փոխարինվելու է 99,9999 մաքրությամբ ոսկին, պետք է ունենային գերմաքրության նույն 99,9999 ցուցանիշը, որի ստացումը անհամեմատ ավելի դժվար ու ծախսատար է, տնտեսական օգուտի փոխարեն այստեղ մեծ վնասներ են լինելու,
բ) ատոմային զենքերի մեջ օգտագործվող էլեկտրոնային սարքերը արտադրվելու էին սահմանափակ խմբաքանակներով ու երբեք չէին կարող հասնել հուսալիության այն ցուցանիշներին, որոնք հատուկ են միայն մասսայական արտադրությունների պայմաններում արտադրվող սարքերին:
Այս հարցում Կրեմլի դիրքորոշումը սիրողական այն նույն մակարդակի վրա էր, ինչը հատուկ է տնտեսական հեղափոխության «առաջնորդ» Նիկոլ Փաշինյանին: Առաջին հայացքից, սիրողական պատկերացումներ ունեցող ղեկավար այրերի համար ակնհայտ է, որ ոսկու փոխարեն ալյումինի կիրառությունը հսկայական օգուտներ կբերի երկրի տնտեսությանը, բայց դա միայն առաջին հայացքից է այդպես թվում, մի բան է ոսկու և ալյումինի ուղղակի համադրումը սովորական կյանքում, այլ բան է, երբ նույն խնդրին մոտենում ես էլեկտրոնիկայի հետ առնչություն ունեցող պրոֆեսիոնալ մասնագետների տեսանկյունից: Գերմաքուր ալյումինի արտադրությունը ավելի մեծ ծախսեր ու նոր տեխնոլոգիաների մշակում էր պահանջում և ոչինչ չէր կարող ավելացնել էլեկտրոնային սարքերի որակին ու հուսալիությանը: Ամեն դեպքում Չեռնիշովին հաջողվեց ստեղծել ռադիացիոն կայունությամբ օժտված կիսահաղորդչային սարքերի ամբողջական անվանացուցակը, «Գաղտնի» գրիֆի տակ հրատարակեց դրանց տեղեկագիրքը, պաշտպանեց իր դիսերտացիան ու դրանով ամեն ինչ ավարտվեց, ալյումինե հաղորդալարերով էլեկտրոնային սարքերը կյանք չմտան՝ ցածր հուսալիության ու թանկության պատճառով:
Շոկինը, բնականաբար, Աբովյան-Մինսկ հակամարտության ժամանակ Աբովյանի կողմնակիցն էր, վստահել էր Էդիկ Պետրոսյանի բանավոր փաստարկներին, ցանկանում էր առիթն օգտագործել ու պատժել Չեռնիշով-Օլեյնիկ կամակոր զույգին, դրա համար նրան հիմնավոր փաստարկներ էին պետք։ Պահանջվող փաստարկները ես գտա տեսական հաշվարկների ու փորձնական ուսումնասիրությունների միջոցով, ցույց տվեցի, որ Մինսկի դիոդային մատրիցայի խափանման իրական պատճառները կապված են սիլիցիումային բյուրեղի մակերևութային վիճակների հետ. կիսահաղորդիչների մակերեսին տեղի են ունենում լիցքերի կուտակումներ, որոնք, իրենց հերթին, առաջացնում են ինվերսիոն հաղորդականություն ունեցող շերտեր և որոնց միջոցով մեկուսացված p-n անցումները միացնում են իրարից մեկուսացման մեջ գտնվող դիոդները: Այս վարկածը հաստատելու և ինվերսիոն տիրույթների նկարները Բորսուկի առաջ դնելու, հետագայում նաև մինիստրության համար պատրաստված հաշվետվության մեջ մտցնելու համար ես ստիպված էի Աբովյան բերել Մոսկվայում թողած իմ ֆոտոսկանը: Էկրանին պարզորոշ երևում էին ինվերսիոն շերտերը, նրանց ձևավորումը, ընդարձակումը և իրար միացումը, ջերմաստիճանի ազդեցության տակ նրանք ձևափոխվում, անգամ վերանում էին: Բորսուկի համար նահանջի ճանապարհ չէր մնացել, միայն խնդրեց, որ մեր դիագնոստիկական տեխնիկան ու ինվերսիոն շերտերի հայտնաբերման մեթոդիկան ներդրվեն նաև «Ինտեգրալում»: Մեզ վերջնականապես հաջողվեց գտնել «Սալյուտ» հիբրիդ սխեմաների խափանումների պատճառներից մեկը, որը թույլ տվեց բարձրացնել բալիստիկ հրթիռների հուսալիությունը: Թե այդ հրթիռների մեջ ինչ այլ խափանման պատճառներ մնացին, միայն Աստծուն է հայտնի, ամեն տեղ խորհրդային էլեկտրոնիկան կաղում էր, իսկ ատոմային պատերազմում հաղթանակի հասնելու իմ հույսերը վաղուց էին մարել՝ հաշվի առնելով էլեկտրոնիկայի մեջ եղած այն ճակատագրական բացթողումները, որոնց մասին կպատմեմ հետագա օրինակների վերլուծությամբ: Ինվերսիոն շերտերի միջոցով p-n անցումների միացման երևույթը նորություն էր նաև ինձ համար, նախկինում նման բանի չէինք հանդիպել, որոշ վերապահումներով դա կարող էինք ձևակերպել որպես հայտնագործություն, բայց Սաշա Բուտաևի հետ որոշեցինք օգտագործել այդ երևույթը և հեղինակային իրավունք ստանալ՝ որպես միջոց p-n անցումների խորությունը չափելու համար: Մինչ այդ և այսօր համայն աշխարհում p-n անցումների խորությունը չափելու մեթոդիկան հիմնված է գնդաձև շլիֆների միջոցով կիսահաղորդչային թիթեղների վրա փոսիկներ բացելու ու, քիմիական մշակումից հետո, p- և n- հաղորդականություն ունեցող երկրաչափական ֆիգուրաների չափերը միկրոսկոպով որոշելու և հետագա հաշվարկների վրա: Գնդաձև շլիֆները հնարավոր չէ անել պատրաստի կիսահաղորդչային ստրուկտուրաների վրա՝ չափերի փոքրության պատճառով: Մեր մեթոդիկան, որի հեղինակային իրավունքը մնաց «գաղտնի» գրիֆի տակ, թույլ է տալիս p-n անցումների խորության չափումներն իրականացնել առանց չափերի սահմանափակման և քայքայիչ մեթոդների կիրառման: Ավելին, մեր մեթոդը թույլ է տալիս չափումների ճշտությունը հասցնել մինչև ատոմական մակարդակի, որի պատենտավորման գործը ես թողեցի ապագային՝ հելիոֆիկացիայի ծրագրի իրականացումից և Հայաստանի տնտեսությունը Իսրայելի մակարդակին հասցնելուց հետո, բայց... Բայց Հայաստանում չգտնվեց խելքը գլխին մի իշխանություն, որը խնդիր դներ նորանկախ ու պատերազմող երկրի տնտեսությունը բարձրացնելու մի նոր մակարդակի՝ հույս դնելով սեփական պրոֆեսիոնալ մասնագետների վրա: Նոր իշխանություններին չեմ կարողանում անգամ համոզել, որ հելիոֆիկացիայի ծրագիրը քննարկվի, ընդամենը քննարկման դրվի ՀՀ Ազգային ժողովում, եղել եմ տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանի մոտ, խնդրել եմ, որ նա խոսի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ, որ քննարկման դնի Հայաստանի տնտեսության հակաճգնաժամային մեր ծրագիրը, ապարդյուն, ահա և Բաբկեն Թունյանի պատասխանը, որը ինձ հեռախոսով հայտնեց Հովիկ Աղազարյանը:
-Թունյանն ասաց, որ խնդրին ծանոթ է, դա իրենց պետք չէ:
Թե նոր իշխանություններին ի՞նչ է պետք, չասաց, հավանաբար կուսակցական գաղտնիք է: Հասարակ մահկանացուներիս համար դեռևս գաղտիք է, թե որն էր «քայլողների» բուն նպատակը: Հավատում եմ, որ շատ շուտով դա կիմանանք. մախաթը ջվալի մեջ չի պահվի:
(շարունակելի)
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ